concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԻԶԱՅՆԵՐ
ՆԵՐԻ ՕՔՍՄԱՆԻ ՀԵՏ

2017Թ. ՓԵՏՐՎԱՐ՝ MIT MEDIA LAB-ՈՒՄ

1. Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ առաջարկ ստացաք Lexus International-ի կողմից:

Երբ Lexus-ը դիմեց առաջարկով «The Mediated Matter Group»-ին, մենք աշխատում էինք թիմի կողմից մշակած՝ օպտիկապես թափանցիկ ապակու եռաչափ (3D) տպագրության նախագծի վրա: Մենք այս տեխնոլոգիան առաջին անգամ թողարկել ենք 2015թ.-ին և այդ պահից ի վեր՝ փորձում ենք վերամշակել այն ամենասկզբից՝ ճարտարապետական մասշտաբի ապակու կառուցումը հնարավոր դարձնելու համար: Այս տեխնոլոգիան փնտրում էր ծրագիր (այսինքն՝ ոչ ընդհակառակը, երբ ծրագիրն է տեխնոլոգիա փնտրում), և ահա հայտնվեց Lexus-ը:

2. Ինչպե՞ս կմեկնաբանեք «ՍԱԿԱՅՆ» (ԴԵՌ ԱՎԵԼԻՆ) թեման:

«ՍԱԿԱՅՆ» բառը հետաքրքիր է, քանի որ այն իմաստ է ստանում միայն համատեքստում՝ հնագույն, սակայն ժամանակակից: Ըստ այդմ, այն ցույց է տալիս ամբողջություն (իմաստ), որն ավելին է, քան պարզապես իր մասերի (բառերի խումբ) գումարը: Այն հետաքրքիր բառ է՝ բառ, որը բառակապակցության մի ձև է, որ կապեր է ստեղծում հաճախ իմաստով հակադիր բառերի միջև. կոշտ սակայն փափուկ, մութ սակայն լույս, առաջադիմական սակայն իսկական, անժամանակ սակայն ժամանակավոր: Հետևաբար, այս տերմինը կարող է դիտվել որպես քերականական միջոց, որը համադրություն է ստեղծում երկու ցուցիչների միջև, որոնք այլապես համատեղելի չեն միմյանց հետ կամ թվում են երկիմաստ՝ ծեր հայացք, որը սակայն շատ երիտասարդ է: Այսպիսով՝ մեզ համար «ՍԱԿԱՅՆ» բառը ներկայացնում է ամբողջություն, որն ավելի մեծ է, քան իր մասերի գումարը, և կարող է պարունակել այնպիսի երևույթներ, որոնք արտաքնապես հակադիր կամ անհամադրելիորեն երկիմաստ են թվում: Այն ավելի շատ միավորում է, քան բաժանում:

3. Ինչպե՞ս կներկայացնեք «ՍԱԿԱՅՆ» թեմայի և ձեր ինստալյացիայի միջև հարաբերությունը:

The Mediated Matter Group-ի համար «ՍԱԿԱՅՆ» թեման առանձնահատուկ ոգեշնչող էր, քանի որ այն ենթադրում է անցում «մասերի աշխարհի» սահմաններից դեպի «ամբողջների աշխարհ»:

Գոյություն ունի երկու ձև, որոնցով հնարավոր է դիտարկել, օրինակ, շինության, հագուստի, օդանավի կամ ավտոմեքենայի դիզայնն ու կառուցումը: Առաջինը՝ այդ դիզայնի յուրաքանչյուր տարրը դիտարկել որպես մեքենա՝ մասերից բաղկացած գործիք, որն օգտագործում է մեխանիկական ուժ, իսկ մասերից յուրաքանչյուրն ունի իր կանխադրված գործառույթը: Համատեղվելով՝ այդ մասերը որոշակի խնդիր են կատարում, ինչպես օրինակ՝ թռչելու (օդանավի դեպքում), մեքենավարման (ավտոմեքենա) կամ բնակության (շենքի դեպքում) կիրառական գործողությունները: Երկրորդը՝ դիտարկել այն որպես օրգանիզմ կամ «էություն»՝ ամբողջություն, որն ավելին է, քան իր մասերի գումարը, որն անցում է կատարում թռչելու կամ մեքենավարելու գործողությունից դեպի թռչելու կամ մեքենավարելու փորձառությունը՝ դռան բնորոշ ձայնը, անիվի սահուն շարժումը, տեսքի որակը, ձայնի ոգին, մեխանիկական սարքի կենդանացած որակը, լուսաթափանցության նվերը: Երբ այս մասերը միավորվում են, դրանք ստեղծում են այնպիսի զգացողություն, որը չի կարող բաժանվել իր բաղկացուցիչ մասերի միջև: Փաստորեն՝ հենց որ այն բաժանվի բաղկացուցիչ մասերի, կդադարի գոյություն ունենալ: Կարծում ենք՝ այս մոտեցումն արմատավորված է ցանկացած խոշոր ընկերության ավանդույթի մեջ, որը ուշադրություն է դարձնում դիզայնին:

Բնությունը նույնպես գործում է փոխներդաշնակ ձևերով՝ այն գործուն է, սակայն արդյունավետ, ֆունկցիոնալ է, սակայն գեղեցիկ, անժամանակ է, սակայն ժամանակավոր, հաստատուն է, սակայն ցիկլային, օրինաչափ է, սակայն հարմարվող, կայուն է, սակայն բնապահպանական, հավասարակշռված է, սակայն արձագանքող: Բնության կողմից ստեղծված բոլոր երևույթները կարող են ընկալվել որպես ամբողջություն, որոնք ավելին են, քան իրենց մասերի գումարը:

Մեր ինստալյացիայի համար ցանկացանք ստեղծել այնպիսի զգացողություն, որն ամբողջական է և ոչ բաղադրյալ՝ թե´ դրա դիզայնի համար ստեղծված նորարարական տեխնոլոգիայի և թե´ դիզայնի արդյունքի առումով: Իսկ մեզ այդ ընթացքում ուղղորդեց ու ոգեշնչեց մեքենայի ու օրգանիզմի, մեխանիկականի ու կենդանիի միջև փոխներգործությունը:

4. Ինչո՞վ է ապակու եռաչափ տպագրության տեխնոլոգիան յուրահատուկ:

Կարճ ասած՝ այն մեզ թույլ է տալիս տպել օպտիկական ապակիներ ճարտարապետական մասշտաբներով:

Ապակու փչման, մամլման ու ձևավորման մեթոդները, այլ բաների շարքում, նպատակ են ունեցել բարձրացնել ապակու արտադրողականությունն ու ֆունկցիոնալությունը: Սակայն ապակու օպտիկական ու մեխանիկական հատկությունները կարգաբերելու հնարավորությունը արտադրության բարձր տարածական լուծաչափում հիմնականում եղել է նպատակ՝ առանց իրագործման միջոցների:

Ապակու եռաչափ տպագրությունը հնարավորություն է տալիս ստեղծել երկրաչափորեն հարմարեցվող և օպտիկապես կարգաբերելի կառուցվածքներ արտադրության բարձր տարածական լուծաչափերում: Անցյալում մենք նույնպես գունային գրադիենտների հետ կապված փորձեր ենք կատարել և փնտրել ուղիներ, որոնց միջոցով գունավորումը կարող է ազդել բնապահպանական արդյունավետության, մասնավորապես՝ էներգիայի ստացման նպատակով արեգակնային ճառագայթման վրա: Քանի որ մենք կարող ենք նախագծել և եռաչափ տպել բազմապիսի հաստությամբ և բարդ առանձնահատկություններով բաղադրիչներ՝ ի տարբերություն ապակու փչման տեխնոլոգիայի, որտեղ ներքին առանձնահատկություններն արտացոլում են արտաքին ձևը, մենք կարող ենք կառավարել արևային թողանցումը: Այլ կերպ ասած՝ ի տարբերություն մամլված կամ փչված ապակու մասի, որն անպայման ունի հարթ ներքին մակերևույթ, տպված մասը կարող է թե´ ներսից և թե´ դրսից ունենալ բարդ մակերևութային հատկություններ. նման հատկությունները կարող են ծառայել որպես օպտիկական ապակի և ապահովել բարդ լուսային կաուստիկ նախշեր:

Այս հնարավորությունը թույլ է տալիս տպել բարդ օպտիկական ապակիներ, փոխանցող օպտիկական սարքեր, որոնք կարող են ֆոկուսացնել կամ ցրել լույսի ճառագայթները բեկման միջոցով: Այս ծրագիրը մեզ թույլ տվեց ավելի լավ հասկանալ տպիչի դիզայներական սահմանափակումները, այդ թվում՝ այն անկյունները և ավտոմատացված տպման ապարատի շրջադարձի շառավիղը, որի դեպքում հնարավոր կլինի տպել՝ պահպանելով կառուցվածքային ամբողջականությունը: Խումբը նաև փորձում է ավելի լավ պատկերացնել տպված առարկաների մեխանիկական և օպտիկական առանձնահատկությունները:

The Mediated Matter Group-ը՝ Պիտեր Հուքի ղեկավարած MIT ապակու լաբորատորիայի և MIT մեխանիկական ճարտարագիտության բաժնի հետ համատեղ, առաջին ապակու տպիչը թողարկեց 2015թ.-ին: Այդ ժամանակից ի վեր՝ մենք շատ աշխատանքներ ենք կատարել այդ տպիչի հաջորդ սերնդի նմուշի ստեղծման վրա: Մեր երկրորդ սերնդի ապակու եռաչափ տպիչը հիմնված է The Mediated Matter Group-ի՝ օպտիկապես թափանցիկ կառույցների եռաչափ տպագրության ուղղությամբ նախկին աշխատանքների վրա և իրենից ներկայացնում է պլատֆորմի կառուցվածքի և նյութի հատկություններով պայմանավորված գործընթացի կառավարման արմատական վերակառուցում: Մեր նպատակն էր ստեղծել բարձր ճշգրտության արտադրական հարթակ, որն ունակ է ապակե կառուցվածքներ ստեղծել՝ կարգաբերելի, սակայն նաև կանխատեսելի մեխանիկական ու օպտիկական հատկություններով: Հաշվի առնելով կառուցման նյութի բարձր աշխատանքային ջերմաստիճանն ու մածուցիկությունը՝ արտադրական պրոցեսը պահանջում էր խորը գիտելիքներ ունենալ պլատֆորմի համատեքստում ապակու թերմոդինամիկական վարքագծի վերաբերյալ: Այս նոր արտադրական պլատֆորմը ապակու ձևավորման բոլոր գործընթացների համար ապահովում է թվայնորեն ինտեգրված ջերմային կառավարման համակարգ և համալրված է 4 առանցքով շարժման կառավարման նոր համակարգով՝ նպաստելով հոսքի առավել արդյունավետ կառավարմանը, տարածական ճշգրտության ու ստույգության ավելի բարձր մակարդակներին և արտադրության ավելի արագ տեմպերին` հալված ապակու մինչև մոտ 30կգ անընդհատական նստեցմամբ:

5. Ո՞րն է այս ծրագրի ամենադժվարին պահը:

Ծրագիրը բազմաթիվ մարտահրավերներ է պարունակում: Այն տեխնիկապես դժվարին է, քանի որ առաջին անգամ ճարտարապետական մասշտաբներով ներդնում ենք օպտիկապես թափանցիկ ապակու եռաչափ տպագրության տեխնոլոգիան: Նմանատիպ մասշտաբներով, և ընդհանուր առմամբ, ապակու տպագրության ամենադժվարին կողմն այն է, որ ապակու մեխանիկական օպտիկական հատկությունները կարգաբերելու համար անհրաժեշտ է ապակու հետ աշխատել, այն մշակել ու պահել շատ բարձր ջերմաստիճանում: Ապակու բավարար հոսունակությունն ապահովելու համար, որպեսզի այն արտամղվի ծայրափողակի միջով, նյութը պետք է պահվի 1000 °C-ից բարձր ջերմաստիճանում: Այդ նպատակով, տպիչը պետք է համալրված լինի տաքացման առանձին խցիկներով՝ նախատեսված արտադրական պրոցեսի յուրաքանչյուր փուլի՝ հալեցման, հոսեցման, թրծման և այլնի համար:

Մեր մոլորակի ամենաշոգ վայրերից մեկը, որտեղ գրանցվել է 57 °C ռեկորդային ջերմաստիճան, Կալիֆորնիայի Մահվան հովիտն է: Պատկերացրեք՝ ինչ է նշանակում տպել ապակին մոտ 1000 °C ջերմաստիճանում: Այդ աշխատանքն իրականացնում ենք ապակու մասնագետների թիմի օգնությամբ, որոնցից ոմանք ապակի են փչել տասնամյակների ընթացքում և փորձառու են այս նյութի հետ մեծ զգուշությամբ վարվելու գործում:

Տպիչը կառուցելու համար մենք նախագծեցինք և կառուցեցինք առանձին տաքացման խցիկներ, ինչպես նաև ծրագրակազմի ու տեխնիկական ապահովման բաղադրատարրեր արտադրական պրոցեսի յուրաքանչյուր փուլի համար՝ ապակու հալեցում, ապակու հոսեցում և ապակու թրծում: Յուրաքանչյուր պրոցեսի համար՝ հատուկ նախատեսված խցիկ, յուրաքանչյուր խցիկի համար՝ կոնկրետ ջերմաստիճանի ընդգրկույթ: Այսպիսով, ծրագիրը բնութագրվում է իր տեխնիկական դժվարությամբ՝ ինչպե՞ս նախագծել կատարյալ վառարանը:

Ջերմությունը կարգավորելուց հետո երկրորդ տեխնիկական մարտահրավերը լույսի կառավարումն էր: Թիմի հրաշալի ինժեներների օգնությամբ մենք կարողացանք իրագործել շարժման կառավարման միջավայր, ինչպես նաև կատարելագործված միջերես՝ յուրաքանչյուր շարքում պարունակվող և տպված ապակու միջոցով միջնորդավորված դինամիկ լույսի աղբյուրը կառավարելու համար:

Երրորդ, և հավանաբար ամենադժվարին մարտահրավերը ոչ այնքան տեխնիկական բնույթ ուներ, այլ վերաբերում էր շատ տարբեր ոլորտներից հավաքված մասնագետների համատեղ խումբ ստեղծելուն, որոնց թվում էին ճարտարապետներ, ապրանքի դիզայներներ, մեխանիկական ինժեներներ, ծրագրային ապահովման ինժեներներ, քիմիկոսներ, նյութագետներ և այլն: Թիմի անդամները ներկայացնում էին տարբեր ոլորտներ և ակադեմիական ճյուղեր, որոնք համախմբվեցին՝ մեր նոր ապակու տպիչի դեբյուտն իրականացնելու և առաջին անգամ այն ճարտարապետական մասշտաբներով ներկայացնելու համար:

6. Ի՞նչ կցանկանայիք, որ Միլանի բոլոր այցելուները տեսնեն, զգան կամ վերապրեն ձեր ինստալյացիայի հետ կապված:

Բայը (թռչելը, վարելը և այլն)՝ առանց գոյականի (օդանավ, ավտոմեքենա և այլն):

Մենք ցանկացել ենք փոխանցել փորձառությունը՝ առանց կիրառական ֆունկցիոնալ առարկայի, ճամփորդությունն առանց մեքենայի: Մենք ցանկացել ենք արտահայտել աստղալից երկնքով թռչելու կամ վարելու զգացողությունը՝ առանց իրական մեքենայի: «LEXUS ՍԱԿԱՅՆ» ցուցահանդեսի համար մենք պատկերացրել ենք անիվի նմանվող արտապատկերումների գրեթե անվերջանալի շարք, որոնք ստեղծված են լույսից, և որոնց շարժումները կառավարում ենք՝ տիեզերքում մարդկանց շարժն ուղղորդելու համար: Այն համընդգրկուն փորձառություն է այն մասին, թե ինչպիսին կլինի լուսինների կամ մոլորակների լույսի մեջ խորասուզվելը՝ տիեզերական կաուստիկ փորձառություն:

Մենք «ՍԱԿԱՅՆ» թեման հետազոտել ենք լույսի, նյութի և տարածության դիտանկյուններից: Լույսի առումով՝ լույսը երկակի ֆիզիկական բնույթ ունի. այն մասնիկ է, ՍԱԿԱՅՆ նաև ալիք (Էյնշտեյնը կարծում էր, որ լույսը մասնիկ է (ֆոտոն), իսկ ֆոտոնների հոսքը՝ ալիք): Ցանկանում ենք, որ ցուցահանդեսի այցելուները զգան այդ երկակիությունը ոչ մտքի ու պատկերացման միջոցով, այլ ուղղակի փորձառությամբ: Ապակու առումով՝ ապակին նյութ է, որի միջով լույսն արտացոլվում և բեկվում է, այն հնագույն, ՍԱԿԱՅՆ ժամանակակից նյութ է: Այս ցուցահանդեսի ընթացքում մենք դրան նոր մեկնաբանություն ենք տալիս եռաչափ տպագրության միջոցով: Տարածության առումով՝ լույսի և նյութի համադրությունը հավանաբար կստեղծի հողի վրա հիմնված լինելու, ՍԱԿԱՅՆ առկախ զգացողություն. պահված լինելու, ՍԱԿԱՅՆ լույսի միջով հեշտությամբ շարժվելու զգացում: Կաուստիկայի կոսմիկական ձև: